Թերթը գրում է, որ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ինչպես նաեւ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել են, որ ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից, որպեսզի «Ժառանգությունը» համաձայնի ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ստեղծմանը:
«Երեկ սույն հայտարարություններին արձագանքել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Առնվազն զարմանալի է. երբ մեկ շաբաթ առաջ «Ժառանգության» փոխնախագահն իր ստորագրությունն էր դնում այդ նախաձեռնության տակ, չգիտե՞ր, որ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայի անդամ է: Նման քաղաքական անտեղյակությունն ուղղակի ապշեցուցիչ է: Եւ շատ հետաքրքրիր է, թե ով է «գաղտնազերծել» Րաֆֆի Հովհաննիսյանի համար, որ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է, ինչը նա, փաստորեն, չգիտեր մի քանի տարի շարունակ: Եւ երկրորդ, ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի ներկայացուցիչը մասնակցում է Ազգային ժողովի նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խմբին, որի նպատակն է վերահսկողություն իրականացնել Ընտրական օրենսգրքի կիրարկման շուրջ, օրինակ, պահանջ չի առաջադրում, որ «Ժառանգության» ներկայացուցիչը կմասնակցի այդ ֆորմատի աշխատանքներին, եթե ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գան:
Կարծում եմ` մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են, եւ ուղղակիորեն հասկանալի են այս անլուրջ պատճառաբանությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու իրական մոտիվացիաները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Ի դեպ, Սամվել Նիկոյանի ստեղծած աշխատանքային խմբի այսօրվա նիստը նախագահելու է «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:




























