Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համապատասխանումը միջազգային չափանիշներին կարեւոր նախապայման է հանդիսանում ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջին խորհրդական, պատվիրակության ղեկավարի պարտականություններն իրականացնող Օննո Սիմոնսը Երեւանում ընթացող «Ընտրություններին ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ, որին մասնակցել են ոստիկանության ներկայացուցիչներ, դատախազներ, այլ շահագրգիռ անձինք, միջազգային կազմակերպություններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, քաղաքական ուժեր:
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ առաջիկա ընտրությունները հայտնվել են հայ հասարակության ուշադրության կենտրոնում: «Դա կարեւոր փորձություն է, եւ ԵՆ-ն ուշիուշով հետեւում է գործընթացին: Հայաստանում միջազգային չափանիշների համապատասխանող առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը կարեւոր պայման է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման եւ «ավելին ավելիից համար» սկզբունքի կիրառման համար»,-նշել է Օննո Սիմոնսը:
Նա հիշեցրել է, որ ոստիկանությունը ներքաշված է ընտրական գործընթացքում ընտրացուցակները ճշգրտելու, ինչպես նաեւ կեղծիքների մասին հաղորդագրություններին արձագանքելու համար: Այդ կապակցությամբ, ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Եվրոպան պատրաստ է նպաստել ոստիկանության տեխնիկական հնարավորությունների բարելավմանը:
Անդրադառնալով նախորդ ընտրություններին` Օննո Սիմոնսը հայտարարել է, որ իրենք լուրջ կանչեր են հայտնաբերել:
Մասնավորապես, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքներով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցը խնդիրներ է արձանագրել ոստիկանության աշխատանքում` աշխատանքի թափանցիկության բացակայություն, սուբյեկտիվություն, մի շարք դեպքերում պասիվ արձագանք, միջամտում ընտրական գործընթացին: Հանրահավաքների խնդիրների մասին չեմ սկսելու խոսել, այդ փաստերը հայտնի են հասարակայնությանը, հավելել է Օննո Սիմոնսը: Նրա խոսքով, վերջերս ներկայացված ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցը` կապված առաջիկա ընտրությունների հետ, որոշ հարցեր է պարունակում` ընտրացուցակների առնչությամբ:
ԵՄ-ն ընթացիկ տարվա սկզբի ն ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի միջնորդությամբ սկսել է իրականացնել Հայաստանում թափանցիկ եւ ազատ ընտրությունների անցկացման ծրագիրը: Ծրագրի արժողությունը կազմում է 1,7 միլիոն եվրո, այն տարածվում է խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ 2013-ի նախագահական ընտրությունների վրա:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Մասնակցում են 9 քաղաքական ուժ համամասնական ընտրակարգով եւ 154 թեկնածու մեծամասնական համակարգով:




























