Երեւանում ընթանում է Կլոր սեղան «Ընտրություններին ընդառաջ» խորագրով, որին մասնակցում են ոստիկանության, դատախազության, այլ շահագրգիռ կառույցների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ եւ ուղղված է ընտրությունների ժամանակ եւ բուն ընտրությունների օրը ոստիկանության գործառույթների եւ դերի վերաբերյալ գհասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով, առաջնահերթ խնդիր է ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահության ձեւավորումը: «Դրա հետ կապված ես արդեն հանձնարարել եմ, որպեսզի ընտրարշավի ժամանակ, ինչպես նաեւ ընտրությունների օրը կանխվի գործընթացը խանգարող յուրաքանչյուր փորձ եւ կոչ եմ անում քաղաքացիներին ցանկացած խախտման մասին հայտնել ոստիկանությանը»,-ասել է Գասպարյանն, ընդգծելով, որ ոստիկանությունը չի մասնակցում քաղաքական գործընթացներին:
Միաժամանակ ՀՀ ոստիկանապետը ընդգծել է նախընտրական շտաբների եւ քաղաքական ուժերի հետ ոստիկանության համագործակցության կարեւորությունը, որպեսզի համատեղ ջանքերով հասնենք թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Այդ կապակցությամվ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ ոստիկանությունն իր բաժին աշխատանքը կկատարի բարձր մակարդակով: «Ես անձնական պատասխանատավություն եմ կրում»,- ընդգծել է նա:
Ոստիկանապետը նաեւ տեղեկացրել է, որ ոստիկանությունում շտաբ է ստեղծված, որը պետք է հետեւի ողջ ընտրական գործընթացին:
Շտաբը կղեկավարի ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան մայիսի 6-ին, որին համամասնական ընտրակարգով կմասնակցեն 8 կուսակցություններ եւ մեկ դաշինք: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 154 թեկնածու 41 ընտրատարածքներում:




























