NEWS.am-ի տեղեկություններով, ներկա պահին ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Վ. Շաշիկյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն երեկ տեղի ունեցած Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապագա փեսայի սպանության, իսկ ավելի ուշ սույն գործով զբաղվող քննիչի մահվան գործերով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիում այսօր` ապրիլի 12-ին, սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, 27-ամյա Կարեն Եսայանը առավոտյան դուրս է եկել եւ չի վերադարձել: Նա գնացել է ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել են ոստիկանության Գյումրիի բաժին:

Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Մեր աղբյուրը նշեց, որ ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ:

Իսկ ավելի ուշ ավտովթարի է ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը, ով երեք դուստր ունի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, 00:50 սահմաններում, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013»  մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի` Գյումրիի բաժնի  շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել քննիչ Վ. Բեյբությանին եւ, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան հետապնդվել եւ կանգնեցվել է Կոշտոյան փողոցում: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն:

Ռաֆիկ  Մուրադյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: