Ինդոնեզիայում հզոր երկրաշարժից հետո մի քանի տասնյակ բանտարկյալներ ազատության մեջ են հայտնվել:
Ըստ տեղական լրատվամիջոցների տվյալների` Սիգլիի բանտի ղեկավարությունը տարհանել էր 221 բանտարկյալների տագնապի ազդանշանից հետո, որը տրվել էր ստորերկրյա ցնցումների եւ ցունամիի առաջացման վտանգի հետ կապված: Արդյունքում դատապարտյալներին ուղարկել էին բարձրադիր վայր, սակայն այդ գործողության ընթացքում 63 բանտարկյալներ փախել էին:
Ավելի ուշ 13 մարդ կամավոր վերադարձել է բանտ եւ եւս 18-ին բռնել են ոստիկանության աշխատակիցները: Ազատության մեջ են դեռեւս 32 բանտարկյալներ, հայտնում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հզորությունը, ըստ ճշտված տվյալների, կազմել էր 8,7 բալ: Հետագայում եւս ստորերկրյա մի քանի հզոր ցնցումների շարք է հաջորդել: Ապրիլի 12-ին տեղական իշխանությունները հայտնել էին, որ երկրաշարժի ընթացքում զոհվել էր 5 մարդ: Նրանք բոլորը մահացել էին սրտի կաթվածից, քանի որ ստորերկրյա ցնցումները խուճապ էին առաջացրել բնակչության շրջանում: Եւս 7 ինդոնեզացիներ վնասվածք են ստացել:




























