Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հերքել է երեկ Գյումրիում տեղի ունեցած սպանության քաղաքական պատճառները:
«Քաղաքական ենթատեքստ չկա, ես պնդում եմ: Ավելին, կասեմ, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, եւ այդ հանցագործությունը բացառություն չէ: Այն մոտ ժամանակահատվածում կբացահայտվի»,-հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 13-ին լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ:
Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ են մամուլում հիշատակում կասկածյալի անունը, ոստիկանության պետը կոչ է արել «շրջանառության մեջ չդնել կասկածյալների անունները»: «Հետաքննության ընթացքում, երբ այն անցկացվում է տաք հետքերով, հնարավոր են «շեղումներ» եւ անունները հաղորդելը նպատակահարմար չէ, եւ օրենքն էլ չի պահանջում»:
Նշենք, որ Գյումրիում ապրիլի 12-ին սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է: 27-ամյա Կարեն Եսայանը առավոտյան դուրս է եկել եւ չի վերադարձել: Նա գնացել է ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել են ոստիկանության Գյումրիի բաժին:
Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով:
Նույն օրը` ապրիլի 12-ին, ավտովթարի է ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քնչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանը: 00:50 սահմաններում 1989 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի` Գյումրիի բաժնի շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել քննիչ Վ. Բեյբությանին եւ, թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան հետապնդվել եւ կանգնեցվել է Կոշտոյան փողոցում: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն:




























