Հանրապետության ողջ տարածքում ապրիլի 14-ին իրենց առաջին նիստերն են գումարելու տեղամասային ընտրական հանձնաժողովները:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ձեւավորվել է 1982 ընտրատեղամաս 41 ընտրատարածքներում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել էր ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջեւ:

Հայաստանի հանրապետական կուսակցությանը բաժին էր հասել` 903-ական նախագահի եւ քարտուղարի տեղ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 397-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը»` 352-ական, «Օրինաց Երկիր» կուսակցությանը` 176-ական, եւ«Ժառանգություն» կուսակցությանը` 154-ական տեղ: Տեղերը բաշխվել են նախորդ ընտրություններում կուսակցությունների ստացած ձայների համամասնությամբ: ԿԸՀ-ն նաեւ ավտոմատ համակարգի միջոցով սահմանել է, թե որ ընտրատարածքում որ կուսակցություններից են լինելու նախագահներն ու քարտուղարները:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 6-ին: Համամասնական ընտրակարգով առաջադրվել են ՙԲարգավաճ Հայաստան, «ժառանգություն», «Հայ Հեղափոխական դաշնակցություն», Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, «Միավորված հայեր» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը: