Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով հետաքննությունը շարունակվում է: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է 2009 թվականի փետրվարի 3-ին, իր տան շքամուտքում: Հարուցվել է քրեական գործ 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235 հոդվածի (զենք-զինամթերքի ապօրինի կրում) 1-ին մասին հատկանիշներով:

Հարցին, թե այդ գործում առաջընթաց կա՞, Գասպարյանը պատասխանել է, որ իր նշանակման օրից նախկինում բոլոր չբացահայտված հանցագործությունների, այդ թվում Մհերյանի սպանության հետաքննության մասին իրեն զեկուցում են շաբաթը մի քանի անգամ:

«Գործը գտնվում է իմ անձնական վերահսկողության ներքո»,- ընդգծել է նա, հավելելով, որ երբ խոսքը սպանության մասին է, կապ չունի սպանել են պաշտոնյայի, թե շարքային քաղաքացու, բոլոր դեպքերում նա ինչ-որ մեկի հարազատն է, մտերիմը:

Ոստիկանապետը նշել է, որ պրակտիկան ցույց է տալիս, որ չբացահայտված հանցագործություններ չկան: «Մեզ հաջողվում է բացահայտել վաղեմության մեծ ժամկետ ունեցող հանցագործություններ: Վերջերս հաջողվել է բացահայտել 7-ամյա տղայի սպանությունը, որը կատարվել է 20 տարի առաջ: Հանցագործի ինքնությունը մեզ հայտնի էր, բայց ողջ այդ ընթացքում նա թաքնվում էր, ապրում Ռուսաստանի խուլ բնակավայրում ուրիշ մարդու փաստաթղթերով: Ի ուրախություն մեզ, նրան հաջողվեց բռնել: Մի քանի օրին նա կլինի Հայաստանում»,-ասաց Գասպարյանը: