«Օրինաց երկիր» կուսակցությունն ընտրակաշառքներ չի բաժանում: Այդ մասին այսօր` ապրիլի 13-ին, Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Դուք շատ լավ գիտեք, որ կուսակցություններն են ընտրակաշառք բաժանում, որ կուսակցությունները՝ ոչ: Մենք հայտարարությամբ հանդես ենք եկել ընտրակաշառքներ բաժանողների դեմ: Երբեք չենք բաժանել ու չենք բաժանելու: Մենք պայքարելու ենք փող բաժանողների դեմ: Մշտապես այդ մասին թող մեր հանրությունն իմանա»,- նշել է Բիշարյանն ու համոզված հայտարարել. «Ես նույնիսկ այնքան ուրախ եմ, որ քաղաքացիները, երբ պատահական խոսակցություններ եմ լսում, միմյանց ասում են, թե ՕԵԿ-ը փող չի բաժանում, իրենց փողի համար պետք չի դիմել»:
Իսկ բաժանված ջեմի վերաբերյալ էլ Բիշարյանը նշեց. «Կուսակցության անդամներին մարտի 8-ին տված նվերները չի կարելի մատի փաթաթան սարքել եւ խոսել այդ մասին: Խորհուրդ կտամ որոշ հեռուստաալիքներ դիտեք, եւ կտեսնեք, որ պարկերով ընտրակաշառք են բաժանում»:
Բիշարյանը նաեւ հերքել է մամուլում տարածված լուրերը, որ «Օրինաց երկրից» կանանց արտահոսք է սկսվել:




























