Գյումրիի քաղաքապետի ապագա փեսայի սպանության գործով զբաղվող քննիչ Վահրամ Բեյբությանի ավտովթարից մահանալը կապ չունի այդ սպանության հետ: Այս մասին NEWS.am-ի տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության Գյումրիի քննչական վարչությունից:

«Եթե վրաերթ է, ապա վրաերթն անզգույշ հանցագործություն է: Միտումնավորության վերաբերյալ որեւէ տեղեկություն քրեական գործով չկա»,-ասացին քննչական վարչությունում:

Նշենք, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վրաերթ մահվան ելքով (առավելագույն պատիժը մինչեւ 5 տարի) եւ 244 հոդվածի հատկանիշներով` դեպքի վայրը լքելը, որի առավելագույն պատիժն էլ մինչեւ 2 տարի է:

Քննչական ծառայությունից հավաստիացրեցին նաեւ, որ այստեղ որեւէ, միտումնավորության հարց չկա, քանի որ քննիչը գործով կեսգիշերին զբաղված է  եղել եւ մութ վայրում նրան վրաերթի ենթարկած վարորդը նրան չէր կարող ճանաչել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիում այսօր` ապրիլի 12-ին, սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս է եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել է ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել են ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Մեր աղբյուրը նշեց, որ ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Իսկ ավելի ուշ ավտովթարի է ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը, ով 3 ղջիկ ունի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, 00:50 սահմաններում, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013»  մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի` Գյումրիի բաժնի  շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել քննիչ Վ. Բեյբությանին եւ, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան հետապնդվել եւ կանգնեցվել է Կոշտոյան փողոցում: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն: Ռաֆիկ  Մուրադյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: