Գեւորգ Ալիվորյանի գործով հետաքննական մարմնի գործողությունների իրավաչափության մասին որոշումը կկայացվի մեկ ամսից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ալիվորյանի փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Սանկտ Պետերբուրգի ոստիկանության կողմից Գ. Ալիվորյանի ապօրինի կալանքի հետ կապված միջադեպը հայտնվել է ստուգումների «գլոբալ ծրագրում»`պայմանավորված Կազանում տեղի ունեցած միջադեպով (երբ ոստիկանության բաժանմունքում 52-ամյա տղամարդը բռնաբարվել էր շամպայնի շշի միջոցով, որից հետո մահացել հիվանդանոցում-խմբ.): «Ես հանդիպել եմ գործի քննությամբ զբաղվող տեսուչի հետ: Զգացվում է, որ նա լուրջ է վերաբերվում աշխատանքին, նա արդեն պահանջել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,-նշեց Զոհրաբ Գաբրիելյանը:
Նրա խոսքով` քննության արդյունքում հնարավոր է կարգապահական վարույթի հարուցում եւ մեղավորների հեռացում աշխատանքից: «Մենք եւս չենք ցանկանում քրեական հետապնդման մասին պնդել: Մեզ կբավարարի աշխատանքից ազատումը»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ խոսքը հունիսի 5-ի գիշերը Կապուչինյան փողոցի «Նատալի» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է: Ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել էր 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նահմետովը: Սկանդալը կայանում է նրանում, որ տուժածը պնդում է, թե ոստիկանությունը հանցագործի հարցում սխալվել է:Միջադեպից մեկ օր անց անհայտ անձի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, եւ միայն հունիսի 8-ին էին ձերբակալվել Ալիվորյան եղբայրները` Գեւորգն ու Գարիկը: Ձերբակալված երիտասարդներին խոշտանգել են, եւ սպառնալով բռնաբարությամբ, Գեւորգին ստիպել են «խոստովանական» ցուցմունք գրել: Վկային ծեծի ենթարկելու փաստով ոստիկանական բաժանմունքում քրեական գործ չեն հարուցել, ամեն ինչ վերագրելով «ձերբակալման ժամանակ դիմադրությանը»: Նոյեմբերի սկզբին Գեւորգն ազատ է արձակվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկի անձնական երաշխավորությամբ: Դեկտեմբերի 6-ին գործը կարճվել է, հաստատվել է, որ նա մասնակցություն չի ունեցել միջադեպին:




























