Նյու Յորքում, ապրիլի 12-ին, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը կազմակերպել են համատեղ բրիֆինգ «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածքում եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» թեմայով:
Սակավաթիվ այդ միջոցառմանը Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ցանկանում է ներկաներին ներկայացնել «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության տարբեր ասպեկտները», ինչին հաջորդել է ցնորության աստիճանի հասնող աղավաղված պատմական էքսկուրս Լեռնային Ղարաբաղի պատմության մասին` խորհրդային ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերը եւ այքնան է տարվել իր պատմությամբ, որ նույնիսկ մոռացել է հիշատակել, թե ինչ ձեւաչափով են ընթանում բանակցությունները:
Բրիֆինգին հաջորդած քննարկմանը Հայաստանի պատվիրակը` նշելով Ադրբեջանի կողմից հերթական անգամ աղավաղված եւ ստահոդ տեղեկատվության ներկայացման փաստը, հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է բացատրել Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարության տարբերությունը հունվարի 23-ին Սոչիում իր երկրի նախագահի կողմից վերահաստատած հանձնառության հետ` շարունակել եւ արագացնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ արդյոք Մինսկի խմբի միտումնավոր չհիշատակելը նշանակում է այն, որ Ադրբեջանը հրաժարվում է համաձայնեցված ձեւաչափից:
Ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցիչը շտապել է հայտարարել, թե պատահմամբ է մոռացել հիշատակել Մինսկի խմբի մասին, իսկ իր երկրի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը հավատարիմ է Մինսկի խմբի գործընթացին:




























