Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է գողին, ով շանն իրեն հանցակից է դարձրել խանութի վաճառողուհու դեմ ավազակային հարձակմանը: Մինչ չարագործը փողերն էր հավաքում, շունը հսկում էր խանութի մուտքը: ՊՀետագայում պարզվել է, որ շունը եւս գողացված է, հաղորդում է «Ինտեֆաքսը»:
Միջադեպը տեղի է ունեցել Քըզըլորդեթում: Ոստիկանները տաք հետքերով ձերբակալել են 25-ամյա քաղաքացուն, ով կասկածվում է այդ ավազակային հարձակումն իրականացնելու մեջ: Ըստ ոստիկանության տվյալների, երիտասարդը սպասել է, մինչեւ խանութում մնա միայն վաճառողուհին, հետո նրան սպառնացել է դանակով եւ գումար պահանջել:
«Կնոջը զարմացրել է այն, որ այդ ընթացքում ոչ մի այցելու չի մտել խանութ, թեեւ սովորաբար այցելուների պակաս խանութը երբեք չի ունեցել: Եվ միայն հանցագործի հեռանալուց հետո, երբ կինը փողոց է դուրս եկել, անցորդներից տեղեկացել է, որ խանութի մուտքի մոտ շուն է եղել, որը թույլ չի տվել ոչ ոքի մտնել խանութ»,-պատմել է ՆԳ մարզային դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Քալդիբեք Աբդուլաեւը:




























