Հայաստանի առողջապահության նախարարությունն ուսումնասիրել է Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ ԱԺ ամբիոնից հայտարարությունը, թե «որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀ է ներկրվում սերմնահեղուկ` արհեստական բեղմնավորման նպատակով»: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: «Հարցն ուսումնասիրել ենք եւ պարզել, որ մեծաքանակ ներմուծումներ, այդ ոլորտում չարաշահումներ, խախտումներ, ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկություններ չկան»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Հայաստան սերմնահեղուկ ներկրելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՆ-ն տա համապատասխան թույլտվություն, եւ առ այսօր ԱՆ-ը չի հանդիպել որեւէ դեպքի, երբ ինչ-որ մեկը ցանկանա Հայաստան ներկրել սերմնահեղուկ։
Սուրեն Քրմոյանը նշեց, որ այս խնդիրը կարգավորվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով, իսկ այս տարի ԱՆ-ն կառավարության որոշման նախագիծ է ներկայացնելու, որը կկարգավորի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը։
«Սերմնահեղուկի ներմուծման զանգվածային դեպքեր չեն եղել, սակայն նախորդ տարի մի կին, ով օտարերկրյա հիվանդանոցում էր հետազոտություն անցել, Հայաստան է բերել իր ամուսնու սերմնահեղուկը՝ արհեստական բեղմնավորման համար»։,- ասաց ԱՆ աշխատակազմի ղեկավարը
Սակայն սերմնահեղուկի ներմուծումը, Սուրեն Քրմոյանի խոսքով, այդքան էլ հեշտ չէ։ Դա կարող է արվել հատուկ բժշկական հաստատություններում հատուկ պայմաններով, երբ տվյալ երկիրն այն վերցնում եւ ուղարկում է մեր երկրի որեւէ բժշկական հաստատության։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ չկարգավորված արհեստական բեղմնավորումը կարող է ազգային վտանգ ներկայացնել: Նա նշել էր, որ Հայաստանում գործում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրաունքների մասին» օրենքը, սակայն այն չի կարգավորում արտերկրից սեռաբջիջների ներմուծման կարգը:
ԱԺ դահլիճում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի բացակայության պայմաններում` հարցին պատասխանեցշլ էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հիշեցրել էր, որ հանրապետությունում առկա են փոխնակ մայրության եւ արհեստական բեղմնավորման նախադեպեր, որոնք օրենսդրական բարդություններ չեն վերհանել: «Օրենքը կանոնակարգում է այդ ոլորտը. տեխնիկական հարցերին ավելի ստույգ պատասխան կտա առողջապահության նախարարը», - ավելացրել էր Հ. Թովմասյանը:




























