ՀՅԴ-ն նախկինի պես հավատարիմ է համատեղ նախընտրական շտաբի գաղափարին: Այս մասին լրագրողներին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը` Եղեգնաձորում հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում:
«Մենք խոսել ենք այդ գաղափարի կարեւորութան մասին եւ կշարունակենք այն աջակցել` անկախ ամեն ինչից»,-հայտարարեց Ա. Ռուստամյանը` մեկնաբանելով ազատ ընտրությունների վերահսկման նպատակով ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի» եւ «Ժառանգության» հետ համատեղ շտաբի ստեղծման հեռանկարը:
«Այս նախաձեռնությունն ավելի իրական է, քան այն արհեստականը, որը փորձում են սրան հակադրել»,- հայտարարեց նա:
Շտաբի հարցով հերթական նիստը նախատեսված է ապրիլի 18-ին: Խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6 -ին:
Հարցին, թե արդյոք բյուրեղացել է միասնական շտաբի գաղափարը, Ռուստամյանը պատասխանեց. «Ի՞նչ է բյուրեղացումը: Դա ընդհանուր կետերի որունումն ու դրանց վերաբերյալ համաձայնության ամրապնդումն է: Սա քաղաքական երկխոսության նորմալ գործընթաց է: Որտեղի՞ց այդ մասին կարող են իմանալ նրանք, ովքեր նման երկխոսության չեն տիրապետում»,-ավելացրեց Ռուստամյանը:
Նշենք, որ քարոզարշավի շրջանակում ՀՅԴ-ն գտնվում է հանրապետության հարավային մարզերում: Կուսակցության անդամները, ոչ մեծ խմբերի բաժանված, հանդիպել են Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի բնակավայրերի բնակիչների հետ, որից հետո ապրիլի 13-ին միավորվել Կապանում անցկացված «լիագումար» հանարահավքում: Դրանից հետո կուսակցության ակտիվիստների երթուղիները նորից բաժանվել են:




























