Սիրիա դիտորդներ ուղարկելու  բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ապրիլի 13-ին չի կայացել: Ենթադրվում է, որ ԱԽ-ի անդամները կքվեարկեն այսօր` ապրիլի 14-ին:

Ռուսական կողմը  որոշ առարկություններ է ներկայացրել բանաձեւի տեքստի հետ կապված:

Ըստ փաստաթղթի` 20-30 անզեն դիտորդներից կազմված ընդլայնված խումբը պետք է համոզվի, որ սիրիական զորքերը դուրս են հանվել բնակավայրերից, իսկ ընդդիմության գրոհայինները դադարեցրել են կրակը:

Վիտալի Չուրկինը հայտարարել էր լրագրողներին, որ Անվտանգության խորհրդում «լավ  քննարկում է տեղի ունեցել», սակայն նա «այնքան էլ գոհ չի» քննարկման արդյունքներից:

Մոսկվան պնդում է, որ արեւմտյան երկրները փորձում են բանաձեւի տեքստ ներմուծել, որը կենտրոնացած է դիտորդների ընդլայնված խումբ ուղարկելու վրա, չափից շատ լրացուցիչ մանրամասներ կան: Ռուսաստանն առաջարկել էր փաստաթղթի իր տարբերակի տեքստը, որում մեղմացվել են սիրիական կառավարությանն ուղղված պահանջները եւ ավելացվել մի շարք պարտականություններ ընդդիմության համար, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախագիծն արտացոլում է իրադրության նկատմամբ ռուսական մոտեցումը, ըստ որի, թեպետ սիրիական նախագահ Բաշար Ասադի կառավարությունը պատասխանատվություն է կրում արյունահեղության համար, ընդդիմությունը նույնպես մեղավոր է Սիրիայում ծագած բռնության մեջ եւ պետք է պատասխան տա իր գործողությունների համար:

Իրենց հերթին արեւմտյան երկրները ցանկանում են սահմանել կառավարության պարտականությունները եւ  կասկած են հայտնում  դիտորդներին ազատ կերպով իրենց աշխատանքը կատարել թույլ տալու Դամասկոսի մտադրությունների վերաբերյալ: