Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Օսիլ Ֆալքի եւ Սկանդեր Բեն Մամիի հետ, ովքեր պատասխանատու են Երեւանի հյուսիս-արեւելյան հատվածում ընտրությունների անցկացման դիտարկման համար:
Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է թիվ 2 ընտրատարածքում ընտրարշավի ընթացքի հետ կապված իր նկատառումներն ու մտահոգությունները: Նա հերքել է ՀՀԿ-ից առաջադրված մրցակից թեկնածուի հավաստիացումներն այն մասին, թե իրավահավասար պայմաններ են ստեղծվել երկու թեկնածուների քարոզարշավի համար: Վ. Կարապետյանը մատնանշեց, որ խախտվում է իրավահավասարության սկզբունքը մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մասնավոր ընկերությունը, պատճառաբանելով, թե անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլտվություն, ձգձգում է գովազդային վահանակի տրամադրումը ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուին: Անգամ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված Վ. Կարապետյանի շտաբի բողոքները բավարարվելու դեպքում չի վերականգնվում այն ժամանակը, որը կորցնում է ընդդիմադիր թեկնածուն եւ շահում է իշխանական թեկնածուն:
Վ. Կարապետյանը ԵԱՀԿ դիտորդների ուշադրությունը հրավիրել է նաեւ այն փաստի վրա, որ իշխանական թեկնածուն գործի է դնում վարչական ռեսուրսները: Մասնավորապես Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային ժամերին իշխանական թեկնածուի համար տարատեսակ հանդիպումներ է կազմակերպում մանկապարտեզների, դպրոցների եւ հիվանդանոցների տարածքներում:
Ամփոփելով հանդիպումը` Վ. Կարապետյանը շեշտադրել է, որ չնայած անհավասար պայմաններին, իր թիմի հետ միասին տանում է ակտիվ քարոզչություն եւ պատրաստվում է միջոցներ ձեռնարկել` հնարավոր ընտրակեղծիքները կանխելու համար:




























