Ապրիլի 14-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր:
Նախօրեին` հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջաններին հանձնարարել էր ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին եւ ծառատունկին, ինչպես նաեւ պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:
«Բացի կազմակերպված ծառատունկից, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաեւ բակերին է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի մեր բնակիչները եւս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին եւ շաբաթօրյակին ու միասին մաքրենք մեր քաղաքը»,- ընդգծել էր Տարոն Մարգարյանը:




























