ՆԱՏՕ-ն կարող է Անկարային օգնել միայն այն դեպքում, եթե սիրիական զորքերը հատեն Թուրքիայի հետ սահմանը: Այդ մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը` ի պատասխան Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարության, թե Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ին դիմել` կառույցի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառման պահանջով, ըստ որի ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ-երկրի դեմ ցանկացած ագրեսիա դիտարկվում է որպես ագրեսիա ողջ դաշինքի դեմ:
Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքից գնդակոծվել է Թուրքիայում փախստականների ճամբարը:
«Կանադան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ եթե սիրացիները ցանկանան ռազմական գործողություններ իրականացնել դաշինքի անդամ-երկրներից մեկում, ապա մեր կողմից ուժեղ արձագանք կլինի»,-ասել է Բերդը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի ներսում ոչ մի քննարկում չկա` Սիրիայի տարածքում դաշինքի օգնությամբ «բուֆերային գոտիներ» ստեղծելու մասին: Միաժամանակ նախարարը նշել է, որ Կանադան աջակցում է սիրիական ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելուն, սակայն դեմ է սիրիական ընդդիմությանը զինելուն:




























