Դանիայում ձերբակալել են ֆինն պրոֆեսոր Թիմո Քիվիմյակիին` Ռուսաստանի դեմ լրտեսություն անելու մեղադրանքով: Տեղական իշխանությունները հաստատել են Կոպենհագենի համալսարանի միջազգային քաղաքագիտության 49-ամյա պրոֆեսորի ձերբակալման փաստը, սակայն հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ:
Ըստ մեղադրող կողմի վարկածի` 6 տարվա ընթացքում գիտնականը խորհրդատվական ծառայություններ է մատուցել ռուս դիվանագետներին եւ եւ դրա համար ստացել է ընդհանուր առմամբ 16 հազար եվրո, հայտնում է «grani.ru-ն»` հղում անելով ֆիննական Helsingin Sanomat թերթին: Ըստ դանիական Անվտանգության ծառայության եւ PET-ի հետախուզության նեկայացուցիչների` ռուսները, որոնց հետ հանդիպել է Քիվիմյակին, կարող էին հետախուզության ծառայողներ լինել:
Weekendsavisen հրատարակչությանը տված հարցազրույցում պրոֆեսորը պատմել է, որ ռուսներից գումար է ստացել` որպես անվտանգության ոլորտում ներգրավված վերլուծաբան եւ փորձագետ: Նա համանման ծառայություններ է մատուցել նաեւ այլ դիվանագիտական եւ պաշտոնական անձանց: Նա հավելել է, որ իր հետ աշխատած դիվանագետներից ոչ մեկին չեն արտաքսել երկրից եւ անցանկալի անձ չեն հայտարարել:
Դատն սկսվում է մայիսի 8-ին: Դանիայի տարածքում արտասահմանյան հետախուզությանն օգնելու նամար նախատեսված հոդվածում առավելագույն պատժամիջոցը 6 տարվա ազատազրկումն է: Դանիական դատարանները այս մեղադրանքին առնչվող դեռեւս ոչ մի գործ չեն դիտարկել: Այժմ պրոֆեսորը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից:




























