Նախագահ Սերժ Սարգսյանը, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատողների շնորհել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումներ եւ մեդալներ:

Նախագահաի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում,  ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանին՝ ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, Մարտական ծառայության մեդալով` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Տիգրան Մնացականյանը:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով են պարգեւատրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության բաժնի պետ, ոստիկանության մայոր Արսեն Այվազյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վահրամ Ենգոյանը, Եր¢ան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ, միլիցիայի կրտսեր սերժանտ Արթուր Խաչատուրյանը (հետմահու), ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը, Երեւան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ-վարորդ, միլիցիայի ավագ սերժանտ Գրիգոր Հունանյանը (հետմահու),  ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ ՄանվելՎարդանյանը: Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրվել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական բարձր պարգեւների արժանացածներին՝ ընդգծելով, որ այդ պարգեւները պետության կողմից նրանց ծառայության գնահատականն են եւ մեծ արժեք ունեն իր կոչմանն ու առաքելությանը նվիրված ոստիկանների համար:

«Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է: Ես ձեր մեջ սկսել եմ սեփական ուժերի հանդեպ ավելի մեծ վստահություն տեսնել, հավատ տեսնել, եւ դա չի կարող չուրախացնել»,-մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով հանրապետության բոլոր ոստիկաններին՝ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը եւ վստահեցրել, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ոստիկանների գործունեության մեջ, յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ նրանց կողմից, հաստատապես տեսնում եւ գնահատում է այդ գործունեության հիմնական հասցեատերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: «Դարձեք ժամանակակից ոստիկանություն եւ ինքներդ կհպարտանաք ձեր իսկ ձեռքբերումներով: Դուք ունեք պատմական հնարավորություն հիմնովին փոխելու ոստիկանի ընկալումը հասարակության կողմից»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը: