Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ոստիկաններին Ոստիկանության օրվա առթիվ:

«Կարծում եմ, ձեզնից որեւէ մեկը չի կասկածում, թե որքան լավ եմ պատկերացնում ես ձեր աշխատանքի բարդություններն ու ձեր խնդիրները: Հայաստանի ոստիկանությունը շարունակում է իր ուղին փոփոխությունների դժվար ճանապարհին: Գոհունակությամբ արձանագրում եմ` արդյունքներն իսկապես տեսանելի են:

Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է: Ես ձեր մեջ սկսել եմ սեփական ուժերի հանդեպ ավելի մեծ վստահություն տեսնել, հավատ տեսնել, եւ դա չի կարող չուրախացնել»,- նշել է նախագահը:

Նա նշել է, որ ոստիկաններից կրկին ակնկալում է բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն մի կողմից, եւ վճռականություն` մյուս կողմից: «Պրոֆեսիոնալ ոստիկանը կարողանում է ճիշտ որոշել սահմանը, ինչն իսկապես հեշտ գործ չէ: Ես գիտեմ, որ պրոֆեսիոնալները ձեր շարքերում շատ են ու ավելանում են: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում այս կարեւոր գործում»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Վստահ եղեք, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ձեր գործունեության մեջ, յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ ձեր կողմից, հաստատապես տեսնում եւ գնահատում է ձեր գործունեության հիմնական հասցեատերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Դարձեք ժամանակակից ոստիկանություն եւ ինքներդ կհպարտանաք ձեր իսկ ձեռքբերումներով: Դուք ունեք պատմական հնարավորություն հիմնովին փոխելու ոստիկանի ընկալումը հասարակության կողմից: Պետք է այնպես անեք, որ այս հնարավորությունը բաց չթողնեք»: