ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գրեթե համաձայնեցված է Սիրիա ՄԱԿ-ի դիտարկման առաքելություն ուղարկելու վերաբերյալ նախագիծը: Առաքելության ներկայացուցիչները պետք է վերահսկեն այդ երկրում հրադադարի ռեժիմը: Այդ կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
«Կարծում ենք, որ պետք է անհապաղ վերականգնել ՄԱԿ-ի եւ Սիրիայի իշխանությունների միջեւ բանակցությունները եւ Սիրիա ուղարկել այդ գործընթացի ավարտման համար տեխնիկական խումբ:Գլխավոր քարտուղարությունից ակնկալում ենք կոնկրետ առաջարկություններ` Սիրիայի կառավարության հետ խորհրդակցություններից հետո ՄԱԿ-ի լայնամասշտաբ դիտորդական առաքելության վերաբերյալ»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է նաեւ, որ որոշ մայրաքաղաքներից հնչող` Քոֆի Անանի առաքելության անխուսափելի ձախողման մասին հայտարարությունները չեն նպաստում հատուկ բանագնացի ծրագրի իրագործմանը եւ Սիրիայում ներքին քաղաքական երկխոսությանն ուղղված` շահագրգիռ երկրների ջանքերին:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտության կողմերի միջեւ զինադադարը ուժի մեջ է մտել ապրիլի 12-ին: Չնայած դրան` երկրից ստացվում են նոր բախումների մասին լուրեր:




























