Եգիպտական թերթերից մեկն ապրիլի 14-ին մանրամասներ է հրապարկել անցած տարի փոխնախագահ Օմար Սուլեյմանի (ով ներկյումս նախագահի թեկնածու է) նկատմամբ կատարված մահափորձի վերաբերյալ:

«Ալ Ահրամ» պարբերականի աղբյուրների տվյալներով` մահափորձը տեղի է ունեցել 2011թ. հունվարի 30-ին` փոխնախագահի պաշտոնում Սուլեյմանի նշանակման հաջորդ օրը: Այդ ժամանակ Կահիրեում արդեն սկսվել էին անկարգությունները:

Օրվա երկրորդ կեսին Սուլեյմանը, թիկնազորի ուղեկցությամբ,  ուղեւորվել է նախագահ Մուբարաքի հետ հանդիպման:  Նախագահական նստավայրից ոչ հեռու շարասյան ճանապարհը կտրել է միկրոավտոբուսը, որից դուրս են եկել չորս մարդ եւ կրակ բացել շարասյան առջեւից ընթացող BMW X5-ի վրա: Արդյունքում սպանվել էր Սուլեյմանի թիկնապահներից մեկը: Փոխնախագահը չէր տուժել:

Թիկնապահներին հաջողվել էր ոչնչացնել բոլոր հարձակվողներին: Նրանց ինքնությունը պարզել չէր հաջողվել: Պարբերականի աղբյուրները ենթադրում են, որ  մահափորձի ետեւում նրանք են, ովքեր չէին ցանկանում, որ Սուլեյմանն զբաղեցներ փոխնախագահի, իսկ հետո, հնարավոր է, նախագահի պաշտոնը:

Միաժամանակ հարձակվողները տիրապետել են նախագահական աշխատակազմի տեղեկատվությանը, քանի որ իմացել են, թե երբ եւ ինչ մեքենայով է Սուլեյմանը գնալու նախագահի հետ հանդիպման: