Երեւանի Ազատության հրապարակում ապրիլի 22-ին՝ ժամը 20-ին կկայանա իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիի համերգը, ով Հայաստան է գալիս «Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները։

Իտալացի երաժշտի համերգը կկայանա Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո։ Բոչելլին մեկուկես ժամանոց համերգի ընթացքում կկատարի իր դասական երգացանկի լավագույն կատարումները: Երգչի մամուլի ասուլիսը ծրագրով նախատեսված չէ։

Նշենք, որ Բոչելլին ելույթ կունենա  Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (Մարչելո Ռոտայի ղեկավարության ներքո), ինչպես նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ «Հովեր» կամերային երգչախմբի նվագակցությամբ: