ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր` ապրիլի 14-ին հանդիպումներ է ունեցել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրողների հետ:
Հանրապետական կուսակցության նախագահն արաբկիրցիներին ասել է, որ հանրապետականը քաղաքական ուժ է, որը հեռու է շաբաթը մեկ տեսակետ փոխելու գործելաոճից: «Մենք չենք վարանում որոշումներ կայացնել, բայց նաեւ սխալներն ընդունել գիտենք: Մենք ունենք մեր հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրների լուծման հիմնավոր ծրագրեր, բայց նաեւ գիտենք լսել եւ հաշվի նստել հնչող առաջարկների ու քննադատության հետ»,-ասել է ՀՀԿ նախագահը:
Խոսելով տնտեսական վիճակի մասին` Սերժ Սարգսյանը նշել է, թե ՀՀԿ-ն «ծրագրում է փոխել կյանքի պայմանները, փոխել հնարավորությունների քարտեզը»:
Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ հասարակության բոլոր խավերի համար որակյալ եւ մատչելի կրթության ապահովման ու բազմաթիվ այլ խնդիրների մասին, որոնց մի մասը նրա հավաստմամբ, ազգովի հնարավոր է եղել հաղթահարել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ համահայկական միասնությամբ շատ ավելի մեծ գործեր են արվելու. «Տնտեսությունն ենք զարգացնելու եւ պայքարելու ենք Արցախի ազատությունը միջազգայնորեն ձեւակերպելու համար: Պայքարելու ենք հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման: Պայքարելու ենք հակահայ քարոզչության դեմ, որ արդեն անցել է բոլոր սահմանները: Պաշտպանելու ենք Հայաստանի քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Պաշտպանելու ենք նրան իրավաբանորեն եւ ֆիզիկապես: Պաշտպանելու ենք մեր հայրենակիցների իրավունքներն աշխարհում:
Մենք գործ շատ ունենք անելու: Դրանց մի մասը մոտ են հաջող ավարտին, մի մասն էլ նոր ենք սկսել: Դրանք միայն Հանրապետական կուսակցության գործերը չեն, դրանք համապետական եւ համազգային կարեւորություն ունեն: Մեր ու ձեր գործերն են, որոնց արդյունքն ուղղակիորեն անդրադառնալու է յուրաքանչյուրի կյանքի որակի վրա: Մենք ձեզ կոչ ենք անում հավատալ մեր ուժերին հանուն այդ գործերի»:
Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կայացած հանրահավաքում Սերժ Սարգսյանը նշել է, թե մարդիկ պատրաստ են դիմակայել ցանկացած դժվարության, սակայն արդարության պակասը երբեք հանդուժելու պատրաստ չեն: «Անարդարությունը միակ բանն է, որ մարդկանց թեւաթափ է անում, կոտրում նրանց սրտերը, հույսն ու հավատը»,- ասել է նա:
Նշենք, որ Արաբկիրում կայացած հանդիպմանը բողոքի ակցիա են արել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրանց, սակայն, թույլ չեն տվել մոտենալ Սերժ Սարգսյանին եւ իրենց բողոքը հայտնել:






























