Բիզնես-ոլորտի հիմնական խնդիրը վարչարարությունն է, ոչ թե հարկերը: Նման հայտարարությամբ այսօր` ապրիլի 14-ին հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախկին վարչության պետերից մեկը` Վաչե Կիրակոսյանը, ընդդիմախոսելով ներկայում նույն նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանին:

Ներկայացնելով «Մարս» գործարանի բազայի վրա բարձր տեխնոլոգիական ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը, Հ. Ավետիսյանն ասաց, որ այն կնպաստի ներդրումների աճին: Սակայն Վ. Կիրակոսյանն առարկեց, ասելով, որ ներդրումների ու զարգացման ծրագրերի վրա ազատ տնտեսական գոտին էական ազդեցություն չի ունենա, սակայն կարեւոր է վարչարարության տեսանկյունից: Ըստ Վ. Կիրակոսյանի` հայ գործարարները շատ թե քիչ սովոր են ներկա հարկային համակարգին, թեեւ այն բավականին բարձր է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը նշեց, որ արտահանող կազմակերպությունները ազատ տնտեսական գոտում կազատվեն հարկերից, այդ թվում` շահութահարկից: «Մարսում» ստեղծվող ազատ տնտեսական գոտին ունենալու է արտադրական ուղղվածություն, սակայն Վ. Դանիելյանը չբացառեց, որ ՏՏ ոլորտի համար հատուկ ազատ տնտեսական գոտի ստեղծվի տեխնոպարկերում:

Ի դեպ, էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Հ. Ավետիսյանը բավական հետաքրքիր խոստովանություն արեց. «2-3 տարի է, խոսում ենք ազատ տնտեսական գոտիների մասին, բայց քիչ բան է արվել: Այս մեկը ստեղծենք, տեսնենք ոնց է իրեն արդարացնում, հետո կմտածենք այլ գոտիներ ստեղծելու մասին»: Ըստ Հ. Ավետիսյանի, ներկայում եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը չեն խրախուսում ազատ տնտեսական գոտիների հետ առեւտուրը, ու կարող են խոչընդոտներ ստեղծել ազատ տնտեսական գոտուց արտահանված ապրանքների նկատմամբ: