Երբ ՀՅԴ-ն իշխանության մեջ էր, որեւէ մեկին չի ստիպել անդամագրվել կուսակցությանը: Այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը Աշտարակում կայացած հանրահավաքի ժամանակ, որին, ի դեպ, ներկա էին նաեւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի դիտորդներ:

«Մեր ղեկավարած նախարարություններում  երբեք չեն ասել` սա դաշնակցական է, պետք է նրան նշանակեք, իսկ մյուսը, որ դաշնակցական չէ` ոչ: Զգո՞ւմ եք տարբերությունն այսօրվա հետ: Նախարարները դարձել են մի քանի տերերի ծառա: Նախարարությունները դարձել են կուսակցական շահերի գործիք: Կա մեկ ճշմարտություն. եթե մի ուժ ունենում է բացարձակ մեծամասնություն, սկսում է կարծել, թե իրեն ամեն ինչ կարելի է:  Եվ անում է այն, ինչ ցանկանում է: Իսկ ինչ է անում` ինձնից ավելի լավ գիտեք: Սպառնում են, հավաքում են անձնագրերը, եւ փորձում ներշնեչել, որ այլ ընտրություն չկա: Սխալվում եք` կա: Այդ ընտրությունը ՀՅԴ-ն է: Եւ գտնվելով իշխանության` մենք արել ենք մեզնից կախված ամեն ինչ»,- ասաց Ա. Վարդանյանը:

2003թ-ին, երբ ՀՅԴ-ն մտավ կոալիցիայի մեջ, նվազագույն աշխատավարձը  5 հազ. դրամ էր կազմում,  2009թ-ին դուրս գալու ժամանակ` արդեն 30 հազ. դրամ:  «2003 – 2007 թթ. աղքատության մակարդակը 30,4%-ից նվազել էր  23%-ի: Հիմա աղքատությունը, միայն պաշտոնական տվյալներով, 36% է կազմում:  Ուստի եթե ցանկանում եք, որ վաղը ձեր երեխաները հպարտանան, որ Հայաստանի քաղաքացիներ են, ապա առանց վախի ու վարանելու ձեր քվեն տվեք ՀՅԴ-ին»,-հայտարարեց նա:

Հաջորդ բանախոսը` պատգամավոր Արծվիկ Մինասյանն ավելացրեց, որ կուսակցությունը իր ծրագրում հրապարակել է 200  հազ. աշխատատեղ ստեղծելու մասին:  «Միայն մենք ենք ասում, թե որ ուղղություններով ենք պատրաստվում կոնկրետ քայլեր ձեռնարկել: Եվ հրավիրում ենք հրապարակային քննարկումների: Չեն գալիս: Եվ գիտե՞ք ինչու:  Որովհետեւ վստահ են մեր ճշմարտացիության մեջ»,-հայտարարեց Մինասյանը: