Ապրիլի 15-ին «Թալիբան» շարժումը համակարգված գրոհ է ձեռնարկել Քաբուլի առավել պաշտպանված շրջաններում գտնվող խորհրդարանի, դեսպանատների եւ ՆԱՏՕ-ի գրասենյակի վրա: Ինչպես տեղեկացնում է Los Angeles Times-ը,  հաղորդվում է Աֆղանստանի երկու արեւելյան քաղաքներում` Գարդեզում եւ Ջալալաբադում գրոհների մասին:

Աֆղանական կառավարությունը հայտարարել  է, որ գրոհայինների կողմից գրավված շրջանները շրջափակվել են եւ իրավիճակը վերահսկվում է:

Առաջին պայթյունները որոտացել են  Քաբուլի Աքբար Խանի շրջանում, որտեղ գտնվում են մի քանի դիվանագիտական ներկայացուցչություններ եւ ՆԱՏՕ-ի գրասենյակը:  Դրան հաջորդել է գնդակոծություն, որը տեւել է մոտ կես ժամ:

Բարձրահարկ շենքերից մեկի վրա տեղակայված գրոհայինները  հրթիռակոծել են մի քանի ուղղությամբ, որոնցից մեկը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է եղել, հաղորդում է Associated Press-ը: Գնդակոծվել են նաեւ Գերմանիայի եւ Ռուսաստանի դեսպանատները: Այնուհետեւ հաջորդել են պայթյուններն ու կրակահերթերը քաղաքի մեկ այլ հատվածում` խորհրդարանի շենքի մոտ:

Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը հեռուստեսությամբ հայտարարել է, որ երեք գրոհային սպանվել է:

Գրոհի ենթարկված դեսպանատների ներկայացուցիչներչը տեղեկացրել են, որ տուժածներ չկան:

Ըստ «Ֆրանսպրեսի»` գրոհին մասնակցել են առնվազն վեց մահապարտ գրոհայիններ, որոնք իրենց պայթեցրել են դիվանագիտական առաքելությունների փողցներում: Հաղորդվում է մի քանի օտարերկրացի տուժածների մասին: Առայժմ հայտնի չէ, թե նրանք որ երկրներից են: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Reuters –ին հայտնել են, որ զոհեր չկան:

Պայթյունենրի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: Շարժման ներկայացուցիչները Reuters-ին հայտնել են, որ սա միայն սկիզբն է այն արշավի, որ իրենք նախապատրաստել են մի քանի ամիս: Բացի այդ, նրանք հայտարարել են, թե իրենց հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանատներն են: