Ապրիլի 15-ին թալիբները Քաբուլում եւ Աֆղանստանի եւս մի քանի նահանգներում հարձակումներ են իրականացրել` հայտարարելով լայնածավալ «գարնանային հարձակման» սկզբի մասին, որին պատրաստվել էին ամիսներ շարունակ:

Ապրիլի 16-ին ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Քաբուլում եւ նրա շրջակայքում նախորդ կիրակի կառավարական ուժերի եւ թալիբ-գրոհայինների միջեւ սկսված  մարտերը ներկայումս դադարել են: Նա խոստացել է մանրամասները հրապարակել ավելի ուշ, հաղորդում է vesti.ru-ն:

Հարձակումների է ենթարկվել Քաբուլի դիվանագիտական թաղամասը, մասնավորապես, այնտեղ տեղակայված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԳԴՀ-ի դեսպանատները, նախագահական պալատը, խորհրդարանի, ՄԱԿ-ի առաքելության շենքերը, ինչպես նաեւ Աֆղանստանում անվտանգության աջակցության Միջազգային ուժերի գրասենյակը: Բախումների ընթացքում ոչնչացվել է շուրջ 20 թալիբ: