«Ամերիկաների գագաթաժողովը»  կոլումբիական Կարթագենում նորից ավարտվել է  առանց վերջնական հռչակագրի ստորագրման: Երկու ամերիկյան մայրցամաքների երկրներն արդեն երրորդ անգամն է չեն կարողանում  վերջնական համաձայնության գալ: Այս անգամ պատճառ են դարձել Կուբայի եւ Արգենտինայի վերաբերյալ մասնակիցների տարակարծությունները: 

Եթե Լատինական Ամերիկայի երկրները գրեթե միաձայն աջակցել են  համաժողովի փաստաթղթում Կուբայի մասնակցության մասին դրույթներին եւ Ֆոլքլենդյան կղզիների համար վեճում Արգենտինային աջակցություն ցուցաբերելուն, ապա ԱՄՆ-ը եւ Կանադան հակառակ դիրքորոշում են բռնել` արգելափակելով  մասնակիցների ճնշող մեծամասնության մտադրությունները: Ի նշան բողոքի` Բոլիվարյան դաշինքի երկրները  հայտարարել են, որ չեն մասնակցի Ամերիկաների հաջորդ գագաթաժողովներին, եթե  չհրավիրվի կուբայական պատվիրակությունը, իսկ Արգենտինայի նախագահը լքել է արարողությունը` չսպասելով նրա ավարտին, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Գագաթաժողովին ավելի աղմկահարույց երանգ է հաղորդել լայն արձագանք ստացած  ամերիկյան Գաղտնի ծառայության աշխատակիցների հետ կապված միջադեպը, որոնք ազատվել էին իրենց պարտականությունների կատարումից եւ ուղարկվել ԱՄՆ այն բանից հետո, երբ իրենց հյուրանոց էին բերել կոլումբիական մարմնավաճառների: