Անդերս Բրեյվիկը ոստիկանական զրահապատ  մեքենայով բերվել է Օսլոյի շրջանային դատարանի շենք:  

Բուն դատավարությունն սկսվում է 11.00-ին: Սկսվելուց երկու ժամ առաջ ոստիկաններն սկսել են խուզարկել մարդկանց, որոնք շենք են մտել հատուկ անցաթղթով, հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Շուրջ 100 մարդ ելույթ կունենան դատավարությանը որպես վկա. նրանցից 46-ը Ութեյայում տուժածներն են, 15-ը` կառավարական թաղամասում, 29 վկաներ էլ կանչվել են պաշտպանության կողմից: Վկաները ցուցմունքներ կտան 16 օրվա ընթացքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բրեյվիկը խոստացել էր նորվեգական դատարանը վերածել  իր հայացքների  «կրկեսային ներկայացման»: Նորվեգացիներն անհանգստանում են, որ  Բրեյվիկին կհաջողվի դատական գործընթացը, որը լուսաբանելու են շուրջ 800 լրագրողներ, վերածել իր հականերգաղթային գաղափարների արտահայտման հրապարակի: Նրա պաշտպանությունը հրավիրել է 29 վկայի` իսլամիստներից մինչեւ  բլոգերներ, որոնք կողմ են նրա աշխարհայացքին:

Իր վճիռը դատարանը նախատեսում է հրապարակել հուլիսի 22-ին` ողբերգության առաջին տարելիցի օրը: Եթե դատարանը ահաբեկչին մեղսունակ ճանաչի, նրան կսպառնա21 տարվա ազատազրկում, որը դատարանը կարող է նաեւ երկարացնել:

Իսկ եթե Բրեյվիկն անմեղսունակ ճանաչվի, կուղարկվի հարկադիր բուժման: