Բաց երկնքի մասին պայմանագրով նախատեսված պարտականությունները կատարելուց Վրաստանի հրաժարվելը խախտում է Ռուսաստանի իրավունքները եւ սպառնում է համաձայնագրի լուծմամբ, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Հաղորդագրությունում նշվում է, որ վրացական կողմի ընդունած որոշումը իրենց օդային տարածքով ՌԴ մասնակցությամբ դիտորդական թռիչքները չթույլատրելու վերաբերյալ, Բաց երկնքի մասին պայմանագրի  կոպիտ խախտում է:

«Պայմանագիրը չի նախատեսում մասնակից որեւէ երկրի իրավունքների կամայական սահմանափակում: Վրացական կողմի գործողությունները վտանգավոր նախադեպ են ստեղծում, որը կարող է հանգեցնել պայմանագրրի լուծմանը»,- նշել է  Ռուսաստանի ԱԳ նախարարը

Բաց երկնքի պայմանագիրն ընդունվել է  1992 թվականի մարտի 24-ին` Հելսինկիում, ԵԱՀԿ-ի 27 մասնակից երկրների կողմից: 

Ներկայումս նրա մասնակիցներն են 34 պետություն` ներառյալ Ռուսաստանը (սկսած 2001 թվականից):

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, Վրաստանը հրաժարվել  էր Ռուսաստանի նկատմամբ  «Բաց երկնքի» համաձայնագրի իր պարտականություներից`  Մոսկվային մեղադրելով պայմանագրի պայմանները չկատարելու մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում էր, որ  Ռուսաստանն արդեն երկրորդ տարին է փորձում է, օգտագործելով տվյալ համաձայնագիրը,  «օրինականացնել» Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Ռուսաստանն արգելել է համաձայնագրի մասնակից երկրների ինքնաթիռներին  դիտորդական թռիչքներով  10 կմ-ից ավելի մոտենալ Աբխազիային եւ Հարավային Օսիային` հայտարարելով, որ դրանք անկախ պետություններ են, որոնք չեն մտնում   տարածաշրջանում ազատ թռիչքներ ապահովող «Բաց երկինք» համաձայնագրի մեջ: