Աստրախանի դատարանն ընդունել է քաղաքապետի նախկին թեկնածու Օլեգ Շեինի հայցը` Աստրախանի քաղաքապետի ընտրությունները չեղյալ համարելու պահանջով: Շեինն իր բլոգում նշել է, որ հայցին կցվել են տեսանյութեր ընտրատեղամասերից:

Ինքը` Շեինը, ով դեռ շարունակում է բողոքի հացադուլը, մեկնում է Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովի հետ, ով խոստացել էր անձամբ ծանոթանալ տեսանյութերին: Շեինի կարծիքով, ընտրատեղամասերում արված տեսաձայնագրություններն ապացուցում են քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ օրենսդրության բազմաթիվ խախտումները, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նախօրեին Աստրախանում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն Օլեգ Շեինի: Հանրահավաքի երեք մասնակիցներ ձերբակալվել են` քաղաքապետարանի դիմաց ոստիկանական շղթան կտրելու ժամանակ արցունքաբեր գազ օգտագործելու համար:

Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարում են, որ ակցիային մասնակցել է 4 հազար մարդ, ոստիկանները նշում են 400 մարդու մասին: