Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների նկատմամբ ապրիլի 15-ին բռնի գործողություններ կատարելու փաստով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ`Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշններով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից:
Քր.օր.-ի 117-րդ հոդվածը սահմանում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 150-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ին Հարավ-Արեւմտյան թաղամասում դաժան ծեծի է ենթարկվել պատգամավորության թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակի 77-րդ համարը զբաղեցնող Բաբկեն Գարոյանը:
Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված, հանրապետական թեկնածու Սամվել Ալեքսանյանի մտերիմները:
Այսօր՝ օրվա մեջ խոչընդոտվել էր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը: Դրանից հետո՝ ժամը 19-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստները փորձել են քարոզարշավը շարունակել Սվաճյան փողոցում: Սվաճյան 44 հասցեում մի խումբ ակտիվիստներ՝ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի գլխավորությամբ, թռուցիկներ են բաժանել, երբ մոտ 10-12 ֆիզիկապես պինդ երիտասարդներ հարձակվել են նրանց վրա:
ՀԱԿ ակտիվիստներին հայհոյել են, քաշքշել, խոչընդոտել տեսանկարահանումը: Թեկնածու Բաբկեն Գարոյանը փորձել է կարգի հրավիրել հարձակվողներին, եւ ծեծի է ենթարկվել: Ծեծի արդյունքում կոտրվել է թեկնածուի քիթը, նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հարձակվողները նաեւ հարվածել են Գայանե Առուստամյանին: ՀԱԿ-ի շտաբը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀԱԹ Ա1 թաղամասում Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի ընտրապայքարը: Մի քանի տասնյակ կանայք եւ տղամարդիկ Փաշինյանից եւ ընդդիմադիր ակտիվիստներից պահանջել են թռուցիկներ չբաժանել, նաեւ հայհոյախառն վանկարկումներով ստիպել են դադարեցնել քարոզարշավը:
Փաշինյանը դեպքի կապակցությամբ տեղեկացրել էր ոստիկանությանը:




























