Մալաթիա Սեբաստիայում, ապրիլի 15-ին, լրջագույն խոչընդոտներ են հարուցվել Հայ ազգային կոնգրեսի եւ իմ քարոզչության իրականացման համար: Այս մասին, այսօր` ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Սվաճյան 34 շենքի բակում տեսել եմ մի խումբ անձանց, ովքեր ներկայանալով ՀՀԿ անդամներ, ասել են, թե իմ վստահված անձանց գլուխը կջարդեն:
Հետաքննիչը տեղում առաջարկել է բացատրություն տալ, այդ ժամանակ եկել է վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ով փորձել է զրույցի բռնվել հետաքննիչի եւ իմ հետ:
Ապա եկել են այդ կանայք, որոնցից մի քանիսը ողջագուրվել են Օհանյանի հետ, դրանից հետո էլ սկսվել է հայտնի ցույցը: Բոլոր այդ կանայք պայսուակներով էին, կային անձրեւանոցներ, բայց փորձ էին անում ներկայացնել որպես տեղի բնակիչներ: Տեղեկություններ ունենք, որ այդ կանայք աշխատում են Սամվել Ալեքսանյանի ձեռնարկություններում:
Տեսել եմ երկու ԼԱԶ ավտոբուս, որոնցով բերվել էին այդ ցույցի մասնակիցները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ՀԱԿ անդամ, պատգամավորի թեկնածուներ Զոյա Թադեւոսյանը, Գայանե Առուստամյանը, ովքեր ենթարկվել են բռնության, իսկ Բաբկեն Գարոյանը (ՀԱԿ-ի ցուցակում զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը) ստացել է վնասվածք:
«Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել «Օպել» մակնիշի մեքենա, որը ակտիվ հետեւել է քարոզչությանը, բերման ենթարկվածներից մեկը բռնություն գործադրողներից է եղել: Սա համարում եմ ՀՀԿ-ի եւ «Լֆիկ Սամոյի» (Սամվել Ալեքսանյան-խմբ) արձագանքն իմ գնահատականներին:
Լֆիկական ռեժիմի ներքո հայտնված Մալաթիա-Սեբաստիա համայնքը տեղ-տեղ երեւակվում է որպես նորօրյա Օսվենցիմ, որի բնակիչների համար մտադիր եմ ներդնել առավելագույն ջանքեր»,- ընդգծեց ՀԱԿ անդամն ու հավելեց, որ ասուլիսից հետ պատրաստվում է շարունակել քարոզչությունը, ամենօրյա ռեժիմով:
«Սամվել Ալեքսանյանը եւ իր թիմը փորձում են ներկայացնել, թե ես վիրավորում եմ իրեն` «Լֆիկ Սամո» ասելով: Մարդն ամբողջ կյաքում վաստակել է անուն, որը վիրավորական է համարում: Սա իր լավագույն գնահատականն է»,- ասաց Փաշինյանը, հավելելով. «Մալաթիա-Սեբաստիա շրջանում տեսա բոլորովին այլ Հայաստան, պատուհաններից կախված մարդկանց հայացքներն ինձ հիշեցնում էին այն, ինչ տեսել եմ ՔԿՀ-ում դատապարտյալների դեմքերին»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ին Հարավ-Արեւմտյան թաղամասում դաժան ծեծի է ենթարկվել պատգամավորության թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակի 77-րդ համարը զբաղեցնող Բաբկեն Գարոյանը:
Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված, հանրապետական թեկնածու Սամվել Ալեքսանյանի մտերիմները:
Փաստի առթիվ հարուցվել է քերական գործ՝ ՙդիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը՚ հոդվածով։
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























