Հայաստանում ընտրարշավի առաջին շաբաթվա արդյունքներով ակնհայտ դարձավ, որ մի խումբ քաղաքական ուժեր աշխատում են «Ժառանգության» դեմ: Այս մասին, այսօր` ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, դա կանխամտածված համատեղ ակցիա է` ուղղված «Ժառանգության» դեմ: Այն նպատակ ունի վարկաբեկել ինքնուրույն ընդդիմադիր կուսակցությանը: «Ընտրարշավի առաջին շաբաթը ցույց տվեց կուսակցությունների ռազմավարական մտադրությունները, որոնց մեծ մասը կեղծ ընդդիմադիր են եւ իրենց առաջ նապատակ են դրել ոչ միայն վարկաբեկել «Ժառանգությանը», այլեւ վերցնել նրա ձայները»,-ասաց Հակոբյանը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն, իր հերթին, նշեց, որ քաղաքական դաշտում տեղի ունեցողը խաղ է: «Նախընտրական շրջանում որոշ կուսակցություններ իրենց ընդդիմադիր են ներկայացնում, այնինչ ցանկանում են զրոյացնել ընդդիմության ձայները: Այդ գործընթացում որքան էլ կուսակցություններն ընդդիմադիր հռետորություն օգտագործեն, իշխանությունը հենվում է իշխող կոալիցիայի երեք ուժերի վրա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» ցուցակում ընդգրկված են «Ազատ դեմոկրատների» եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























