Ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու փաստաթղթի տակ քաղաքական ուժերի առաջնորդների ստորագրությանը «Ժառանգություն» կուսակցությունը կսպասի խելամիտ ժամկետներում:Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, սակայն այդպես էլ չնշեց, թե որն է «խելամիտ ժամկետը»:

Դիտարկմանը, թե ընտրություններին 20 օր է մնացել, Ռ. Հակոբյանն արձագանքեց, որ մինչեւ մայիսի 1-ը հաստատ չեն սպասելու եւ կրկին հիշեցրեց, որ միասնական շտաբի ստեղծմանը մասնակցող ուժերին ուղղված «Ժառանգության» պահանջները: Ըստ այդմ, միասնական շտաբի ստեղծման մասին հռչակագրի տակ պետք է ստորագրեն քաղաքական ուժերի առաջնորդները: Բացի այդ, «Ժառանգությունն» անընդունելի է համարում բարեգործական հիմնադրամի անվան տակ թաքնվելով, ընտրակաշառքներ բաժանելը:

«Երկիրն այս ողբալի վիճակին են հասցրել կոալիցիայի բոլոր ուժերը, յուրաքանչյուրն իր կշռի չափով: «Ժառանգությունը» համարում է, որ կոալիցիոն ուժերը հեռանան քաղաքական ասպարեզից»,-ասաց Հակոբյանը:

Նշենք, որ որ ապրիլի 18-ին կկայանա ընտրությունների վերահսկման միասնական շտաբի հերթական նիստը:

Սկզբնապես այդ շտաբի ստեղծման հայտարարության տակ ստորագրել են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: Ավելի ուշ «Ժառանգությունը» հայտարարեց, որ իրենց ստորագրությունը նախնական է եւ մի քանի պայման առաջ քաշեց:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի