Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր բելառուս գործընկեր Սերգեյ Մարտինովին տեղեկացրել է ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մասին: Հիշեցնենք, որ Մարտինովը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Երեւանում:

Այսօր` ապրիլի 16-ին, հանդես գալով համատեղ ասուլիսում, Նալբանդյանը նշել է, որ երկկողմ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:

Նալբանդյանը նշել է, որ վերջին կես տարում հայ-բելառուսական քաղաքական 3 խորհրդակցություն է անցկացվել եւ դեռ երկու անգամ էլ պետք է անցկացվի:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Մարտինովն անդրադարձել են երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցությանը, դրա դիվերսիֆիկացման հնարավորություններին, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Մասնավորապես, նրա խոսքով, զարգանում է համագործակցությունը Հայաստանի Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերի եւ Բելառուսի Գոմելի, Գրոդնենսկի, Վիտեբսկի, Մինսկի մարզերի միջեւ:

Նալբանդյանը նաեւ նշել է, որ Սերգեյ Մարտինովի հետ բանակցությունները կշարունակվեն այսօր եւ վաղը: