Ընտրությունները վերահսկող միասնական շտաբը ձեւական է, խաղ, չի կարելի մի ձեռքով ընտրակաշառք բաժանել, մյուսով` ընտրությունները վերահսկող միասնական շտաբի ձեւավորման փաստաթուղթ ստորագրել: Այդ մասին, այսօր` ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը խորհրդարանում առաջադրվել է «Ժառանգության» համամասնական ցուցակով:
Նա կասկածներ է հայտնել այդ փաստաթուղթը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անկեղծության վերաբերյալ:
Արզումանյանը նշել է, որ կոալիցիոն հուշագիրը, որի ներքո իր ստորագրությունն է դրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, ոչ ոք չեղյալ չի համարել, այն գործում է եւ կգործի մինչեւ 2013թ. նախագահական ընտրությունները. «Հուշագրում ըստ էության խոսվում է այն մասին, որ ուժերի հարաբերակցությունը չի փոխվի, այսինքն, փաստացի դա հանցանքի մասին հաղորդագրություն է: Միաժամանակ, կոալիցիոն հուշագիրը հակասում է միասնական շտաբի ձեւավորման տառին եւ ոգուն»:
Այս համատեքստում Արզումանյանը նաեւ լրագրողների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի ստորագրել Հայաստանի ոստիկանությանը եւ վարչապետին ուղղված նամակը, որի պահանջների կատարումը շատ առումներով կնպաստեր ընտրացուցակների հստակեցմանը:
Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ներկայումս զբաղված են նախընտրական կաշառք բաժանելով:
Ըստ նրա` իր հարազատ Գեղարքունիքի մարզում վերոնշյալ կուսակցությունները քաղաքացիներից խլում են անձնագրերը եւ վերադարձնում մեկ օր անց: Այն հարցին, թե «Ժառանգություն» կուսակցությունն ունի արդյոք փաստեր եւ դիմել է արդյոք համապատասխան կառույցների, Հակոբյանը պատասխանել է, որ պաշտոնական դիմում չի եղել:
Գնահատելով ընդհանուր քաղաքական իրադրությունն ընտրությունների նախօրեին` Հակոբյանն ասել է, որ երեք քաղաքական ուժեր համաձայնության են եկել, որ չեզոքացնեն «Ժառանգությանը»` նշելով, որ բոլոր երեք նախագահներն էլ ձգտում են ղեկավարել քաղաքական դաշտը եւ բավականին խանդով են վերաբերում նրանց, ովքեր ինքնուրույն են գործում:
Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Օրենսդիր մարնում կան 131 պատգամավորներ: Խորհրդարանը ձեւավորվում է խառը ընտրական համակարգով` 90 մանդատներ համամասնական կարգով, 41` մեծամասնականով: Ներկայիս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են քաղաքական 8 կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրես:




























