Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել` Նիկոլ Փաշինյանին մեղադրելով Ալեքսանյանին վիրավորելու եւ սադրանքներ անելու մեջ:

«Ապրիլի 15-ին թիվ 7 ընտրատարածքում  առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչների ու տեղի բնակիչների միջեւ տեղի ունեցած միջադեպերը բավականին լուրջ շահարկումների առիթ հանդիսացան:  Դրանց գլխավոր պատճառներից մեկը, ըստ ականատեսների, հանդիսացավ այն, որ ընտրատարածքի բնակչությանը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից բաժանվել են  քարոզչական նամակներ, որոնք պարունակում էին, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունք նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Սամվել Ալեքսանյանի հանդեպ: Քարոզչական  նամակներում առկա դրույթներն ու որակումները  դժգոհություններ են առաջացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչության մի ստվար զանգվածի մոտ»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ շտաբի, բնակիչների մի մասն անմիջապես իր դժգոհությունն արտահայտել է հանդիպման եկած պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին: «Ծագած քաղաքական սուր բանավեճի ընթացքում ընտրողներից ոմանք անգամ հորդորեցին ու պահանջեցին, որպեսզի Ն. Փաշինյանը հրաժարվի նման սադրիչ գործելաոճից եւ անգամ լքի իրենց բակը:  Ցավոք, ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից սադրիչ գործողությունները շարունակվեցին նաեւ վերջինիս հեռանալուց հետո: Այս միջադեպն անմիջապես դարձավ շահարկման առարկա Նիկոլ Փաշինյանին առաջադրած քաղաքական ուժի կողմից»:

Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ որեւէ առնչություն չունի տվյալ միջադեպերի հետ եւ «համոզված է, որ թիվ 7 ընտրատարածքի բնակիչների ինքնաբուխ, բուռն դժգոհությունները պայմանավորված են եղել Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների միտումնավոր սադրիչ գործողություններով՝ ուղղված թիվ 7 ընտրատարածքում քաղաքակիրթ ընտրական գործընթացների վրա ստվեր գցելու միտումով»:

«Ս. Ալեքսանյանի ընտրական շտաբը խստորեն դատապարտում է ընտրական գործընթացներում հակաօրինական եւ սադրիչ բնույթի ցանկացած դրսեւորում եւ կոչ է անում, այդ թվում նաեւ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ստվար զանգվածներին, չենթարկվել  ոմանց սադրանքներին եւ պահպանել սառնասրտություն: Մենք համոզված ենք, որ մեր թեկնածուի որոշ մրցակիցների ջղաձիգ գործողությունները պայմանավորված են ընտրողների իրական նախապատվությունների մասին հստակ տվյալներով եւ իրական պատկերացումներով: Թիվ 7 ընտրատարածքի բնակչության այսօրվա կողմնորոշվածության եւ ուժերի հարաբերակցության նման պարագայում, երբ Սամվել Ալեքսանյանի առավելությունը մյուս բոլոր մրցակիցների հանդեպ ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով, ընտրությունների ազատ եւ արդար անցկացման ամենաշահագրգիռ կողմը հենց Սամվել Ալեքսանյանի թիմն է»,- նշել են հայտարարության հեղինակները:

Նշենք, որ ապրիլի 15-ին խոչընդոտել էին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, իսկ ավելի ուշ ծեծի ենթարկել ՀԱԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների: Թեկնածու Բաբկեն Գարոյանի քիթը կոտրել էին:

Սամվել Ալեքսանյանի շտաբը նաեւ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից բաժանված քարոզչական նամակը, որն էլ հենց, ըստ նրանց, վրդովմունքի պատճառ է դարձել: