Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` ապրիլի 16-ին, հանդիպել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հայ-բելառուսական հարաբերությունները զգալի զարգացում են ապրել համագործակցության տարբեր բնագավառներում: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ առկա են բոլոր նախադրյալներն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար, եւ վստահություն է հայտնել, որ կողմերը հավելյալ ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ:
Նախարար Մարտինովը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:
Երկուստեք շեշտվել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, տնտեսական փոխգործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը:
Նախարարներն անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ նրանց կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Մարտինովը անդրադարձել են երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցությանը, դրա դիվերսիֆիկացման հնարավորություններին, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկել են նաեւ մշակութային փոխանակումների առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Սերգեյ Մարտինովի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:




























