Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, այսօր` ապրիլի 16-ին, ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության այսօրվա նկարագիրն ու ցուցանիշները, նշելով, որ ի տարբերություն Իսրայելի, մեզանում ոլորտը միայն վերջին տարիներին` անկախությունից հետո է բռնել ինտենսիվ զարգացման ճանապարհ, եւ այստեղ մեզ խիստ անհրաժեշտ է աշխարհի, եւ մասնավորապես, Իսրայելի պետության, առաջադեմ փորձի կիրառումը:

Շնորհակալություն հայտնելով «Մաշադ» ծրագրի շրջանակներում Հայաստանի գյուղատնտեսության աշխատողների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման եւ Հայաստանում պարենի միջազգային կազմակերպության միջոցով իրականացվող «Դպրոցական սննդի կազմակերպման» ծրագրին իսրայելական կողմի ակտիվ մասնակցության համար, նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակներն ավելի կընդլայնվեն, ներառելով նոր ոլորտներ:

Անդրադառնալով գյուղատնտեսության մեջ ակնկալվող գործակցության նոր հեռանկարներին, նա առանձնակի կարեւորել է Իսրայելից տոհմային երինջների եւ կենդանիների պատվաստանյութերի ներկրումը, Հայաստանում կենդանիների արհեստական սերմնավորման իսրայելական ծառայության ստեղծումը, ջրի խնայողական օգտագործման ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառումը` ինչպես ոռոգման համակարգում, այնպես էլ ձկնաբուծության մեջ, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրման համակարգի եւ գյուղատնտեսական կոոպերացիաների ստեղծման իսրայելական հարուստ փորձի օգտագործումը մեզանում:

«Համագործակցությունը պետք է երկկողմանի լինի, կարծում եմ, մեզ մոտ նույնպես ձեզ հետաքրքրող ոլորտներ կան, օրինակ, հայկական մրգի եւ բանջարեղենի, վերամշակված գյուղատնտեսական մթերքների, կոնյակի եւ գինիների արտահանումը Իսրայել կազմակերպելու հարցը: Աշխարհին է հայտնի, թե ինչպիսի համային եւ որակական հատկնիշներ ունեն դրանք: Մանավանդ, հայկական ծիրանը, որի պահանջարկը գնալով մեծանում է: Կարող ենք համակողմանի օժանդակություն ցուցաբերել նաեւ իսրայելցի այն գործարարներին, որոնք ներդրումներ կկատարեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում: Ինքներդ էլ կարող եք համոզվել, որ մեզ մոտ բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծվել բիզնես ծրագրերի իրականացման համար»,-նշել է նախարարը:

Օրիթ Նոկեդը իր հայ գործընկերոջը հրավիրել է մայիսին կատարել պաշտոնական այցելություն Իսրայել, ուր եւ հնարավորություն կունենա մասնակցել նախատեսվող խոշոր գյուղատնտեսական ցուցահանդեսին: «Երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների համագործակցության համաձայնագիրն արդեն պատրաստ է, եւ ես հույս ունեմ, որ այդ օրերին մենք կվավերացնենք կարեւոր այդ փաստաթուղթը»,- նշել է նա:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցության ակնկալվող ուղղությունների եւ ծրագրերի մշակման աշխատանքային խմբերի ստեղծման եւ վերջիններիս համակարգողների նշանակման մասին:

Գյուղատնտեսության նախարարությունից հետո պատվիրակությունն այցելել է Եղեռնի հուշարձան, ծաղկեպսակ դրել անմեղ զոհերի հիշատակին, եղել Երեւանի կոնյակի գործարանում, ծանոթացել Մատենադարանի գանձերին: