Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունները պետք է մեկնաբանեն ոչ թե ԱԺ պատգամավորները, քաղաքական գործիչները կամ քաղաքագետները, այլ հոգեբանները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր  Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով Օսկանյանի հայտարարությունը, թե իշխանությունները խոչընդոտել են տնտեսական աճին:

«Վստահաբար կարող եմ ասել, որ Վարդան Օսկանյանի հետ պետք է զրուցեն հոգեբանները, միգուցե դրանից հետո նաեւ` հոգեբույժները եւ կարիք լինի լուրջ միջամտության: Մի մարդ, որը նախկինում 17 տարի պաշտոնավարելով եւ երբեմն խառնելով անձնական կարծիքը թիմի կարծիքի հետ, ասում էր, թե ունի որոշակի լեզվամտածողության խնդիրներ, դրա համար շփոթվում է: Միգուցե այստեղ էլ կա նման խնդիր: Ինքը անդամակցել է մի քաղաքական ուժի, որը հենց այս ոլորտներն է ղեկավարում, եւ կառավարությունում այդ ուժը հակառակ տեսակետներով աչքի չի ընկել»,- նշել է Սահակյանը եւ հավելել, թե նախընտրական ժամանակահատվածում Օսկանյանը փորձում է սրություն մտցնել լուրջ ասելիք չունենալու պայմաններում:

Սահակյանը նաեւ չբացառեց, որ Վարդան Օսկանյանը ցանկանում է դառնալ ԲՀԿ ղեկավար, քանի որ այնպիսի հայտարարություններ է անում, որոնք, ըստ տրամաբանության, պետք է անեին կուսակցության ղեկավարները:

Նշենք, որ նախօրեին Վարդան Օսկանյանը ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել էր. «Բարգավաճ Հայաստանը, ի տարբերություն անցած չորս տարիներին իշխանությունների վարած քաղաքականության, իր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախ է դարձնելու տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի բարձրացումը: Անցած չորս տարիներին կառավարությունը նշակետ էր վերցրել սղաճի զսպումը եւ մեծացող բյուջեի կատարումը: Երկու դեպքում էլ իշխանությունները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճը»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի