Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, որը կրկնվել է Ադրբեջանում, դա հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ` ողջ մարդկության դեմ: Այս մասին ապրիլի 13-ին Կիեւում հայտարարել է Ուկրաինայի թոշակառուների կուսակցության ղեկավար Ամրամ Պետրոսյանը` «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը նախադեպ է ստեղծում» խորագրով կլոր սեղանի ժամանակ:
Ինչպես հաղորդել է Analitika.at.ua-ն, միջոցառման ժամանակ, որպես վառ օրինակ, ցուցադրվել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, ապրիլի 10 1992 թ» ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանի նախագահի հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից:
Կլոր սեղանին մասնակցել են հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, լրագրողներ, գիտնականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:
Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն սկսվել է 2005-ի մայիսի 19-ին, երբ Ղրիմի Գերագույն ռադան որոշել է ապրիլի 24-ը հռչակել հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակի օր:
2010-ի ապրիլի 23-ին հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, նաեւ Ուկրաինայի մի շարք ազգային համայնքներ դիմել են երկրի նախագահին եւ խորհրդարանին` խնդրելով օրենսդրական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

























