Արարատյան դաշտավայրի խաղողը յուրահատուկ է` ունի 26% շաքարայնություն եւ 7-8% թթվայնություն: Ռուսաստանյան հանրահայտ «Կազումյան» ընկերության հիմնադիր Սուրեն Կազումյանի կարծիքով, ով գտնվում է Երեւանում գինեգործության խնդիրներին նվիրված քննարկմանը մասնակցելու նպատակով, այդպիսի խաղող աշխարհում չկա: Սակայն, ըստ Ս. Կազումյանի, այդ առավելությունը ճիշտ չի օգտագործվում: Խաղողի այս յուրօրինակ որակին նպաստում է կլիման` ցերեկը շոգ է եւ տեղի է ունենում շաքարայնացում, իսկ գիշերը ցուրտ է եւ հավաքված շաքարը պահպանվում է:
Ըստ ռուսաստանցի մասնագետի` առաջին հերթին հարկավոր է գինու օգտագործումը ժողովրդայնացնել Հայաստանում եւ հետո մտածել արտահանման մասին: Երկրորդ` կառավարությունը պետք է օգնի գինեգործներին, քանի որ ոլորտի ինքնուրույն զարգացումը երկար ժամանակ կխլի:
Ս. Կազումյանը նշեց, որ արտաքին շուկաներում հաջողության հասնելու համար պետք է առաջարկել ավելի էժան, բայց բարձրորակ գինի, ինչպես դա անում է Չիլին:




























