Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Պաշտպանի առաջին տեղակալը, արագ արձագանքաման ծառայության ղեկավարը եւ աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, այսօր` ապրիլի 16-ին, հանդիպել են «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ ՀԴԿ-ի շտաբերի ղեկավարների հետ։
Հանդիպման ժամանակ Պաշտպանը մանրամասնել է ընտրական գործընթացներում իր խորհրդատվական եւ դիտորդական հիմնական երկու գործառույթները եւ ներկայացրել Պաշտպանի 116 թեժ գծի, արագ արձագանքման ծառայության, հանրապետության 6 մարզերում նորաբաց գրասենյակների հնարավորությունները ընտրական գործընթացների շրջանակներում: Նա վերահաստատել է Պաշտպանի աշխատակազմի պատրաստակամությունը իրավական աջակցություն տրամադրել խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց թեկնածուներին եւ վստահված անձանց: Պաշտպանը կարեւորել է համագործակցությունը նախընտրական եւ ընտրական շրջանում, ինչը հնարավոր է արդյունավետրեն շարունակել հետագա 5 տարիներին Ազգային Ժողովում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կուսակցություններին հուզող հարցերն ու խնդիրները` կապված նախընտրական շրջանի զարգացումների հետ։ Ի թիվս այլ հարցերի ՀՅԴ ներկայացուցիչները նշել են մեկ բնակարանի հասցեում 100 անձի գրանցման դեպքը եւ վերջինիս վերաբերյալ ոստիկանության անբավարար արձագանքը։ Դեմոկրատնական կուսակցության անդամները ընդգծել են խնդիրներ՝ կապված ընտրակաշառքի բաժանման եւ կուսակցության պաստառների ոչնչացման հետ։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են որպես ընտրակաշառք սննդի եւ կենցաղային իրերի բաժանման դեպքերի, ինչպես նաեւ մարզերում ընտրողների շրջանում վախի մթնոլորտի առկայության մասին: Պաշտպանը հորդորել է բոլոր ներկաներին եւ իրենց կուսակիցներին խախտումների մասին այս եւ այլ տեղեկետվության մանրամասները դիմումների կամ ահազանգերի տեսքով հասցեավորել նաեւ իրեն։
Համաձայն ձեռք բերված նախնական պայմանավորվածության` վաղը Պաշտպանն այցելելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբեր:




























