Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանն, այսօր` ապրիլի 16-ին, ընդունել է Գերմանիայի արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերին (Cornelia Pieper):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է եւ Երեւանում գերմաներենի ուսուցման կենտրոնի բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Պետնախարար Պիպերը նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը եւ ԱԳՆ պետքարտուղարը:

Զրուցակիցները հանգամանալից զրույց են ունեցել հայ-գերմանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին:

Նախարար Նալբանդյանն ու պետնախարար Պիպերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:

Բանակացությունների օրակարգում էին մշակութային եւ գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի