Հայաստանի ակտիվ բնակչության մեծ մասը վերջին չորս տարվա ընթացքում լքել է Հայաստանը: Այդ մասին այսօր` ապրիլի 16-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահը հենց այդ հանգամանքով եւ վախի մթնոլորտով է բացատրել ընդդիմության հանրահավաքների սակավամարդությունը: Ըստ առաջին նախագահի, 90-ականներին չկար վախի այնպիսի մթնոլորտ, ինչպիսին կա այսօր: «Մարդիկ առավոտից երեկո, Ազատության հրապարակում, նախագահի նստավայրի մոտ ցույցեր էին կազմակերպում: Ո՞վ էր արգելում: Ոչ մի հանրահավաք չարգելվեց, մինչդեռ վերջին մի քանի տարիների ընթացքում հարյուրից ավելի անգամ մեր հավաքներն արգելել են», - նկատել է առաջին նախագահը` կոչ անելով ընտրել Հայ ազգային կոնգրեսին, թշվառության ճիրաններից դուրս գալու համար:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Տեր-Պետրոսյանը նշել է, թե իշխանությունները համաձայն էին ստեղծել հայ-թուրքական ենթահանձնաժողով, քանի որ ինքնուրույն չեն իրենց գործողություններում, ոչ լեգիտիմ լինելու պատճառով ստիպված են ենթարկվել արտաքին ուժերի թելադրանքին: «Ո՞ր իշխանությունը կհամաձայներ հայ-թուրքական հանձնաժողով ստեղծել, որում կասկածի տակ կդրվեր ցեղասպանության եղելությունը»,- նկատել է Տեր-Պետրոսյանը: Ղարաբաղյան կարգավորման առնչությամբ էլ առաջին նախագահն ասել է, թե այս իշխանությունները համաձայնվել են ԼՂ կարգավորման Մադրիդյան սկզբունքներին, իսկ դա փաստացի նման է այն փաստաթղթին, որի նկատմամբ 1996թ. Լիսաբոնում Հայաստանի իշխանությունները վետո էին կիրառել:




























