Լեռնային Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների փոփոխության անհրաժեշտություն դեռեւս չկա: Այդ մասին այսօր` ապրիլի 16-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գերմանիայի դաշնային հանրապետության  արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերը, նշելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների լուծումը խաղաղ ապագա կերտելու համար ճանապարհ կբացի:

Նրա խոսքով` Գերմանիան մշտապես կարեւորել է այն հանգամանքը, որ այս հարցում կարելի է լուծման հասնել միայն տարածաշրջանում եւ միայն տարածաշրջանի երկրների ջանքերով:  Կորնելիա Պիպերը  նաեւ նշել է, որ Գերմանիան մեծ ջանքեր է գործադրել այս ուղղությամբ, եւ կշարունակի առավել ակտիվորեն ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵՄ-ի ներգրավվածության մեծացման համար:

«Թեեւ Գերմանիան աշխատում է տարածաշրջանի բոլոր երկրիների կառավարությունների հետ, այնուամենայնիվ, նրա ջանքերը միայն լրացնող կարող են լինել, հիմնական ջանքերը պետք է գործադրեն հենց այդ պետությունները: Գերմանիան շարունակում է աջակցել տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացմանը, իսկ Հայաստանի համար հանդիսանում  է թիվ երկու դոնոր պետությունը»,- հավելել է Կորնելիա Պիպերը: